Մատչելիության հղումներ

Ի՞նչ կապ ունի քաղաքացու սեռական կյանքը օպերատիվ իրավիճակի հետ


Ինչպե՞ս են հոգևորականների անձնական կանքին վերաբերող տվյալները հայտնվում Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, որոնցով վարչապետը կիսվում է ֆեյսբուքյան իր էջում: «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, պատասխանելով «Ազատության» այս հարցին, Փաշինյանը պարզաբանել էր, թե ԱԱԾ-ն իրեն ենթակա մարմին է, և հետևաբար ամեն օր այդ կառույցը զեկուցում է իրեն Հայաստանում օպերատիվ իրավիճակի մասին:

«Էդ օպերատիվ իրավիճակի մեջ, բնականաբար, անվտանգության հետ կապված խնդիրներ կան և հարակից խնդիրներ, բնականաբար, էդ ամեն ինչը ես չեմ կարող չիմանալ: Եվ իմ իմանալը նույնպես բացարձակապես օրինական է», - նշել է վարչապետը:

Փաշինյանը, սակայն, չէր պարզաբանել, ի՞նչ կապ ունի այս կամ այն հոգևորականի սեռական կյանքն ու նաև սեռական կողմնորոշումը օպերատիվ իրավիճակի հետ: Միայն հունիսի 27-ին, երբ ուժայինները փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, վարչապետը սրբազանների սեռական կյանքին առնչվող 3 գրառում էր արել, ընդհուպ հանրայնացրել մի հոգևորականի ժամադրության հետ կապված տեղեկատվությունը, ուղիղ խոսել նաև որոշ հոգևորականների ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:

«Որևէ մեկի անհատականացված սեռական կյանքը չի կարող լինել էդ օպերատիվ տեղեկության մեջ», - նշեց «Հելսինկյան ասոցիացիայի» ղեկավար Նինա Կարապետյանցը:

«Հելսինկյան ասոցիացիայի» ղեկավարը, հակադարձելով վարչապետին, ընդգծում է՝ Փաշինյանը տիրապետելով տարբեր անձանց սեքսուալ կյանքին վերաբերող տեղեկությունների և դրանք տարածելով ֆեյսբուքյան իր էջում, փորձում է այդ կերպ խորքային ազդեցություն գործել հանրության վրա: Վեհափառի ու սրբազաններին նվիրված Փաշինյանի գրառումներից զատ, իրավապաշտպանը հիշեցնում է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազայանի դեպքը:

«Սեքսուալ բնույթի հարցերի շրջանակում է փորձում տեղավորել, ամենայն հավանականությամբ, դա իր պատկերացմամբ ամենախոցելին է ու հասարակությանը ներկայացնելու դեպքում դա ամենատպավորիչն ու հուզիչը կլինի, որովհետև, օրինակ, Հովիկ Աղազարյանին մեղադրեցին դավաճանության մեջ, տեղեկություններ փոխանցելու մեջ, պետական դավաճանության մեջ էին մեղադրում, բայց վերջում բերեցին ներկայացրեցին ինչ-որ մարդկանց հետո, այդ թվում նաև շեշտում էին տղամարդկանց հետո ինչ-որ գրառումների մասին», - ասաց իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցը շեշտում է՝ քաղաքացու վերաբերյալ հատուկ ծառայությունները կարող են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, եթե այդ անձը կասկածվում է ծանր հանցագործության մեջ, ընդորում, նման միջոցառումների համար պետք է լինի դատարանի թույլտվությունը: Եվ եթե որևէ մեկի անձնական կյանքի մասին իրավապահները ինչ - որ տեղեկություն են հավաքագրվել, ապա Փաշինյանն իրավունք չունի տիրապետել դրանց:

«Քրեական գործերի ընթացքը գաղտնի է, եթե քրեական գործերի շրջանակում է, ապա քննությունը գաղտնի է և այնտեղ որևէ երրորդ անձ չի կարող մասնակցել, եթե անգամ երկրի ղեկավարն է: Անձնական տվյալները պաշտպանված են ու հատուկ են պաշտպանված՝ պարզ տրամաբանությամբ, որպեսզի օրվա իշխանությունները, անկախ անուն-ազգանուններից, հնարավորություն չունենան դրանք օգտագործել ի բարորություն, ի նպաստ իրենց շահադիտական նպատակներով ինչ - որ դեպքերի, իրադարձությունների վրա ազդելու համար», - նշեց Կարապետյանցը:

Ի դեպ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նույնպես քննադատել է մարդկանց անձնական կյանքի տվյալները տարածելու վարչապետի գործողությունները: Թաթոյանն ընդգծել է՝ «այդ տվյալները գաղտնիք են, և Փաշինյանը չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է»:

«Իրավապահ մարմինների համար պատահական չէ սահմանված ապաքաղաքական լինելու պահանջ, մինչդեռ վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարն է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. վարչապետը, յուրացնելով իրավապահ մարմինների լիազորությունները կամ միջամտելով այդ լիազորություններին, տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների և դրանք, ըստ նպատակահարմարության, օգտագործում իր քաղաքական նպատակների համար ընդդեմ իր ընդդիմախոսների», - նշել է նա:

Նախկին օմբուդսմենն անդրադարձել է նաև Փաշինյանի այն պնդմանը, թե կաթողիկսն անձնական կյանք չի կարող ունենալ: Արման Թաթոյանը բացատրել է՝ «անձնական կյանք» հասկացությունը շատ լայն է և այն իր մեջ ներառում է կենցաղ, ընկերներ, գործնական կապեր և այլն ու չի նշանակում միայն ընտանեկան կյանք: Թաթոյանը նաև ընդգծել է՝ վարչապետը չի կարող որոշել հոգևորականի անձնական կյանքի սահմանները:

«Ես հասկանում եմ, որ վարչապետի համար անձնական կյանքը սկսում ու վերջանում է միայն սեռական հարաբերություններով ենթադրյալ, դա այդպես չէ: Ցանկացած մարդ ունի ընկերական շրջապատ, նախասիրություններ: Ավելին ասեմ՝ կաթողիկոսը կարող է ունենալ նաև սեռական կյանք, ենթադրյալ, որը վարչապետի խնդիրը չի, եկեղեցու խնդիրն է, ինքը չի խախտել մեր քաղաքացիական կյանքի կանոնները, խախտել է, ենթադրաբար, եկեղեցական կանոններ ու իր պատասխանատվությունը պետք է լինի եկեղեցական կանոններին համապատասխան ու ենթադրում եմ նաև Աստծո առաջ, իր պատասխանը նա այնտեղ պետք է տա, վարչապետին էդ պատասխանը չունի տալու: Աստծու և կաթողիկոսի արանքը Նիկոլ Փաշինյանը չի», - ընդգծեց Նինա Կարապետյանցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ է շարունակել կուսակրոնության թեման, օրվա ընթացքում հասցնելով ևս 2 գրառում նվիրել Վեհափառին ու նրան տալով օրեր շարունակով հնչող նույն հարցը՝ «զավակ ունե՞ք»:

XS
SM
MD
LG