Ռուս - ադրբեջանական աննախադեպ լարվածություն` սպանությունների, ուժայինների հատուկ գործողությունների, լայնածավալ խուզարկությունների, զանգվածային ձերբակալությունների, էթնիկ, կրոնական հողի վրա մեղադրանքների ֆոնին։ Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ համատեղ միջոցառումները, պետական պաշտոնյաների երկկողմ այցերը։
Պատճառը շաբաթավերջին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողություններն են՝ ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։
Հաղորդվել է տասնյակ ձերբակալվածների մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրավապահների գործողությունների ընթացքում սպանվել են երկու եղբայրներ՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարովները, ևս մի քանիսն էլ հոսպիտալացվել են։ Զոհված ադրբեջանցիների մարմիններն, ի դեպ, այսօր Բաքու են տեղափոխվել, որտեղ պետք է բժշկական փորձաքննության ենթարկվեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները Եկատերինբուրգի բնակիչ Ռամիլ Սաֆարովի հարցազրույցն են տարածում, վերջինս պատմում է ռուս ուժայինների խոշտանգումների մասին, թե ինչպես են վաղ առավոտյան ներխուժել իր բնակարան, ծեծել իրեն ու հորը, վերջինից պահանջել խոստովանել 2000-ականներին տեղի ունեցած սպանությունը։
Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ձերբակալություններին Բաքուն կոշտ քայլերով արձագանքեց, ինչպես մեկնաբաններն են նկատում՝ ավելի կոշտ, քան տասնյակ մարդկանց կյանք խլած ադրբեջանական օդանավի կործանման ժամանակ, որի համար Բաքուն Մոսկվային մեղադրեց։
Բողոքի նոտային զուգահեռ, Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտեց ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների դեմ իրականացված գործողությունները, ապա պահանջեց «անհապաղ հետաքննել մահվան դեպքերն ու հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին»։ Դիվանագիտական գերատեսչությունը պնդեց, թե ադրբեջանցիների նկատմամբ ազգային պատկանելության հողի վրա արտադատական սպանություններ են իրականացվել, և որ «նման դեպքերը վերջերս համակարգային բնույթ են կրում»։
Պաշտոնական քայլերից բացի, գործի դրվեց նաև ադրբեջանական գլխավոր քարոզչամեքենան։ Պետական հեռուստաընկերության մեկնաբանը, որ պաշտոնական Բաքվի խոսափողն է, պնդեց, թե Ռուսաստանում նախանձում են Իլհամ Ալիևի համաշխարհային մակարդակի հաջողություններով, այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատելով խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի հետ։
Ռուսաստանից Բաքվին անսպասելի արձագանքեց ադրբեջանական սփյուռքը։ Հակադարձելով և քննադատելով Ադրբեջանի իշխանություններին՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին միավորող կազմակերպությունը Ալիևի վարչակազմին մասնավորապես մեղադրեց Մոսկվայի հետ հարաբերությունները խաթարելու համար, ապա կոչ արեց Ռուսաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ «գնահատականներ» հնչեցնելու փոխարեն կենտրոնանալ դիվանագիտական աշխատանքի և հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու վրա։
Ադրբեջանի կոշտ քայլերին ի պատասխան՝ պաշտոնական Մոսկվան էլ, իր հերթին, հայտարարեց, որ ռուս իրավապահները գործողություններ են իրականացնում «Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»։
Պարզաբանելով իրավապահների գործողությունները՝ ՌԴ քննչական կոմիտեն հաղորդեց, որ «մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ կասկածվող էթնիկ հանցավոր խմբի» գործունեությունն է կասեցրել, և որ ձերբակալվածները ներգրավված են եղել Եկատերինբուրգում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված սպանությունների ու մահափորձերի մեջ։
Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ Եկատերինբուրգում անցկացված գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ հինգ տասնյակ մարդ է բերման ենթարկվել, նրանցից մեկը սրտի խնդիրների հետևանքով մահացել է, երկրորդ տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են։
Ձերբակալվածներից մեկի փաստաբանի խոսքով՝ ուժայինները ջարդել են իր պաշտպանյալի կողերը, մեկ այլ կասկածյալ էլ դատարան է ներկայացել դեմքին կապտուկներով և հեմատոմաներով, նա տեսախցիկների առաջ հավաստիացրել է, թե ձերբակալվելուց առաջ է ընկել:
Ադրբեջանցի պատգամավոր Էլչին Միրզաբեյլիի համոզմամբ՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների թիրախավորումը քաղաքական գործողություն է, որը ղեկավարվում է Ռուսաստանի քաղաքական իշխանության կողմից։
«Ռուսաստանում ադրբեջանցիների, ուզբեկների, տաջիկների, ղրղըզների, թուրքմենների և թյուրքական ազգերի նկատմամբ իրականացվող շովինիստական, խտրական, հակամահմեդական քաղաքականությունն իհարկե պատահական չէ։ Եվ այդ քաղաքականության վերևում նստած են ռուսաստանյան քաղաքական շրջանակները», - հայտարարել է Միրզաբեյլին:
Ադրբեջանցի փորձագետ Սարդար Ջալալօղլուն էլ կարծում է՝ Եկատերինբուրգի դեպքերը ոչ թե պարզապես իրավական գործողություն է, այլ Ռուսաստանի քաղաքական կուրսին մաս կազմող արար։
«Ռուսաստանը թշնամական քաղաքականություն է իրականացնում մեր երկրի նկատմամբ և փորձում է կրկին բարձրացնել վաղուց լուծված ղարաբաղյան հարցը», - պնդել է Ջալալօղլուն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այս պահը դեռևս անձամբ չի մեկնաբանել ռուս - ադրբեջանական աննախադեպ դիվանագիտական սկանդալը:
Մինչ այդ, Ադրբեջանի ուժայիններն այսօր ներխուժել են ռուսաստանյան պետական «Սպուտնիկ Ազերբայջան» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակ, որի գործությունեությունն անցած ամիսներին նվազագույնի էր հասցվել ադրբեջանական օդանավի կործանմանը հաջորդած ռուս - ադրբեջանական լարվածության ֆոնին։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից, որոնք աշխատում էին լրատվամիջոցում։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Մոսկվան պնդում է, որ Ալիևի վարչակազմը ոչ թե ուժային կառույցի աշխատակիցների, այլ լրագրողների է ձերբակալել։ «Ապօրինի և ոչ բարեկամական գործողությունների» կապակցությամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, որ այսօր ավելի քան երկու ժամ Բաքվում աշխատող ռուս դիվանագետներին չի հաջողվել կապ հաստատել լրագրողների՝ Ռուսաստանի քաղաքացիների հետ, ընդհուպ փորձել են տեղեկություններ ստանալ պետական գերատեսչություններից, բայց՝ ապարդյուն։
Կրեմլը հայտարարել է, որ Բաքվի դեմարշն անընդունելի է: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, թե ռուս իրավապահների գործողությունները Ռուսաստանում չեն կարող ռուս - ադրբեջանական դիվանագիտական լարվածության առիթ դառնալ։ Պեսկովին հարցրել են՝ արդյոք նախագահ Պուտինը մտադիր է հեռախոսազրույց ունենալ ադրբեջանցի պաշտոնակցի հետ, Կրեմլի խոսնակն ասել է՝ այս պահին օրակարգում չկա նման հարց։