Մատչելիության հղումներ

Սերբիայում Վուչիչի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են


Սերբիա - Հակակառավարական բողոքի ցույցը Բելգրադում, 28-ը հունիսի, 2025թ.
Սերբիա - Հակակառավարական բողոքի ցույցը Բելգրադում, 28-ը հունիսի, 2025թ.

Սերբիայում նախագահի հրաժարականի պահանջով լայնածավալ ցույցերը շարունակվում են։ Նախօրեին ոստիկանները հատուկ միջոցներ՝ այդ թվում լուսաձայնային նռնակներ են կիրառել ցույցը ցրելու համար։ Կան տասնյակ ձերբակալվածներ՝ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու և հարձակվելու մեղադրանքով։

Այսօր վաղ առավոտից էլ հազարավոր ցուցարարներ Սերբիայի մի քանի քաղաքներում փողոցներ են փակել՝ պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված համախոհներին:

Սերբիա - Ցուցարարները փողոց են փակել մայրաքաղաք Բելգրադում, 30-ը հունիսի, 2025թ.
Սերբիա - Ցուցարարները փողոց են փակել մայրաքաղաք Բելգրադում, 30-ը հունիսի, 2025թ.

Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ և վերջ դնել նախագահ Ալեքսանդր Վուչիչի 12-ամյա կառավարմանը.

«Հույս ունենք, որ ինչ-որ բան կփոխվի, որ 30 տարի անց մենք կկարողանանք իսկապես ապրել այն հասարակությունում, որի համար պայքարում ենք 90-ականներից ի վեր», - ասում է նրանցից մեկը:

«Մենք այստեղ ենք Սերբիան փոխելու համար, վերջապես տեսնելու այս կառավարության վերջը», - հայտարարում է մեկ այլ ցուցարար:

«Մենք արմատական փոփոխությունների ենք սպասում», - ընդգծում է երրորդը:

Սերբիայի նախագահի ընդդիմախոսները նրան մեղադրում են կազմակերպված հանցագործությունների հետ կապերի, բռնությունների, լրատվամիջոցների ազատության սահմանափակման համար։ Ռուսաստանի նախագահի հետ մերձավոր կապերով հայտնի Սերբիայի նախագահը հերքում է մեղադրանքները, մերժում արտահերթ ընտրությունները։

Մոսկվայից հայտարարում են՝ կասկած չունեն, որ Ռուսաստանի մտերիմ դաշնակից Սերբիայի ղեկավարությունը երկրում անդորրը կարող է արագ վերականգնել. - «Չնայած Սերբիայի վրա աննախադեպ ճնշմանը, մենք նույնիսկ չենք կարող բացառել, որ այնտեղ կիրառվում է գունավոր հեղափոխություն սկսելու հայտնի տեխնոլոգիան, մենք կասկած չունենք, որ Սերբիայի ներկայիս ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա հանրապետությունում վերականգնել կարգուկանոնն ու անդորրը»։

Սա մեկն էր ամիսներ տևած բողոքի ցույցերի շարքից, որը սկիզբ առավ Նովի Սադի երկաթուղային կայարանում նոր վերանորոգված տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Թե՛ այդ և թե՛ այս ցույցերը գլխավորում են ուսանողները՝ կառավարությունից պահանջելով պատասխանատվության ենթարկել ողբերգության մեղավորներին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG