Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների՝ Ստամբուլի հավաքի ժամանակ ընդունած հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ, բառեր և բառակապակցություններ «մենք չենք պաշտպանում», այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային: Նման կերպ նա անդրադարձել է հունիսի 21-ին այդ կառույցի կողմից ընդունված բանաձևին, որում տեղ էին գտել հիշատակումներ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։
«Մեր կարծիքով՝ նման ձևակերպումների և արտահայտությունների կիրառումը կարող է աշխարհաքաղաքական փոփոխություների ցանկություն առաջացնել, ինչը կառուցողական չէ և չպետք է տարածաշրջանի պետությունների գործնական քաղաքականության հիմք հանդիսանա»,- հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Նրա խոսքով՝ «Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները հավաքական փաստաթղթերում կարող են այնպիսի հարցեր առաջ քաշել, որոնք չեն արտահայտում մեկ այլ անդամ պետության մոտեցումները»:
Պաշտոնական Երևանը իր խորը հիասթափությունն էր հայտնել ԻՀԿ նախարարական վերջին համաժողովի շրջանակներում բանաձևերում «տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ»։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը, ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի